Բնական գազի վաճառքի մասին հայ-ռուսական  համաձայնագիրը տասը տարով հնացել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս աշխարհում արմատապես փոխվում է գազի գնագոյացման մեխանիզմը, այն դադարում է կապված մնալ նավթի գնին:

«Նավթից կախվածությունից հրաժարվել է ամենախոշոր ընկերություններից մեկը՝ նորվեգական «Statoil»-ը, որը բաշխիչ կենտրոններ է ձեւավորում, որտեղ գազը վաճառվում է շուկայական պայմաններով»,-ասել է Արզումանյանը:

Նրա խոսքով՝ հետագայում գազը կդառնա նույնպիսի շուկայական ապրանք՝ փոփոխական արժեքով, ինչպես ասենք, մեկ բարել նավթն է: Իսկ Ռուսաստանի հետ պայմանագիրը նախատեսում է հնացած կախվածություն նավթից, եւ դա Հայաստանին զրկում է ճկունությունից շուկայում:

Նշենք, որ հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է 2013-ի դեկտեմբերի 2-ին, Վլադիմիր Պուտինի Երեւան այցելության ժամանակ, Հայաստանը առաջիկա 5 տարիներին ռուսական գազը կստանա 189 դոլարով (1000 խմ դիմաց):