«Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» Երեւանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում իրազեկման, նախազգուշացումների տրամադրման եւ արձանագրությունների կազմման գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի եւ աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը, որը վարել է քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե խորհրդակցությանը մասնակցել են նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, առեւտրի եւ սպասարկումների վարչության պետերը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել եւ համապատասխան պարզաբանումներ են տրվել գործընթացի շրջանակում ի հայտ եկող առավել խնդրահարույց հարցերին: Մասնավորապես նշվել է, որ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով պետք է շարունակվեն պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկման աշխատանքները՝ դրանով իսկ բացառելով հետագայում տեղեկացված չլինելու եւ կամ արձանագրություններից հրաժարվելու մասին այլ պատճառաբանությունները:
«2013 թվականին ձեւավորված Երեւանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական նոր համակարգը, որում այսօր ներառված են ավելի քան 9000 օբյեկտների վերաբերյալ տվյալներ, հնարավորություն է տալիս գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ: Սակայն պետք է շարունակենք աշխատանքները՝ թյուրիմացությունները բացառելու եւ ցանկալի արդյունք ապահովելու համար»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:
Քաղաքապետի խորհրդականը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել եւ, գարնանն ընդառաջ, սկսել պարտադիր բարեկարգման նորմերի շրջանակում արդեն կանաչապատման աշխատանքների ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը:




























