Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բացասական է գնահատում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված վերջին միջադեպերը: «Իմ կարծիքը շատ բացասական է նման երեւույթների նկատմամբ, իսկ ընդհանուր առմամբ, սա շատ սովորական բան է, որը չգիտես ինչու մեծ արձագանք է գտնում, չգիտեմ, թե դա ինչից է»,- ասաց մարզպետը:
Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց, որ ժողովուրդը Գյումրիում վախեցած չէ, եւ առհասարակ կրիմինալ մթնոլորտ Շիրակի մարզկենտրոնում չկա: Դիտարկմանը, թե ինչն է պատճառը, որ հերթական անգամ Գյումրիի նախկին քաղաքապետի ընտանիքը հայտնվեց կրիմինալ միջադեպի կենտրոնում, նա այսպես պատասխանեց. «Երեւի իրենք ազգից մեծ են, շատ բան է իրենց հետ կապվում»: Իսկ թե մեկը չկա, որ կարգի հրավիրի նախկին քաղաքապետին, մարզպետն ասաց, որ ոստիկանապետը եկավ եւ ինչ պետք էր, ասաց: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ինքը չի զրուցել Վարդան Ղուկասյանի հետ, «ես միլիցայություն չեմ անում»: «Ես գաղտնի եմ պահում այդ բաները, չեմ ասում: Չեմ ասի՝ ինչ եմ անում, ինչ չեմ անում»,- ասաց նա:
Միեւնույն ժամանակ, Ֆելիքս Ցոլակյանը համաձայն չէ ոստիկանապետի «անուղղակի» դիտարկումներին, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վախկոտ է կամ գողական: «Մարդ եթե բացակայել է այստեղից, ի՞նչ հայտարարություն տա: Սամվել Բալասանյանը ոչ վախկոտ է, ոչ էլ գողական: Ես երեւույթը վատ եմ գնահատում, դրա շուրջ ծավալված խոսակցությունները եւս վատ եմ գնահատում, վատ եմ գնահատում նաեւ Սամվել Բալասանյանի այն հայտարարությունը, թե ինքը կպատժի, դրա հետ կապված ես իմ աշխատանքները կատարում են, էս բոլորը սխալ բաներ են»,- ասաց մարզպետը:
Ֆելիքս Ցոլակյանը չցանկացավ գնահատական տալ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ միջադեպին՝ հավելելով, որ «իրավապահները աշխատում են, քննությունը վերջում կպարզի՝ ինչ է եղել, ինչ չի եղել»: Կապված էր արդյոք Շիրակի ոստիկանապետի, փոխոստիկանապետի փոփոխությունը Վարդան Ղուկասյանի որդու միջադեպի հետ, մարզպետը չցանկացավ ասել՝ «իրենց կառույցն է, իրենք են որոշում»:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին, ավելի ուշ դրանք արդեն հայտնվել են համացանցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին




























