Ես ինքս պարզապես ցնցված էի իմ սպառած գազի վարձից: Այս մասին փետրվարի 4-ին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ 2013թ. դեկտեմբերին կնքված գազային պայմանագրերն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Ըստ նրա՝ նշված հանձնաժողովը պետք է հետեւի սպառողների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում նաեւ՝ գազի կալորիականության անկախ վերահսկողությանը: «Մեր նպատակը գլուխներ թռցնելը չէ: Առաջին հերթին մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ՝ ինչու ամենից էժան գազ ստացող երկրի բնակիչներն ամենաթանկն են վճարում: Մարդիկ ցնցված են, ես ինքս էլ ցնցված եմ գազի վարձերից: Այդ շոկն ավելի է սաստկանում, երբ պարզվում է, որ բարձր սակագները ոչ թե այլընտրանքի բացակայության, շրջափակման կամ այլ գործոնների հետեւանք են, այլ անիրավասու կոռումպացված իշխանության, հանրության առաջ հաշվետու լինելու հիմնարար նորմերի խախտման», – ասել է ընդդիմադիրը: Նա նշել է, որ Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը երբեք չի փորձել պարզաբանել նման մեծ հավելագնի պատճառները: «Եթե հանձնաժողովը կարող է որեւէ բան պարզաբանել, թող օրենքի առաջ կանգնի եւ ապացուցի իր իրավացիությունը»:
Ըստ Զուրաբյանի՝ համաձայնագիրը հակասում է միանգամից երկու ՝ «Հայաստանի պետական պարտքի մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքներին: «Կառավարությունը 2 տարվա ընթացքում ոչ մեկին չէր հայտնել Ռուսաստանի առաջ պարտքի մասին, որը կուտակվել էր պաշտոնական 180 դոլարի եւ գազի մատակարարումների իրական սակագների տարբերության հաշվին, որոնք հասել էին մինչեւ 270 դոլար: Հասարակությունն այդ մասին ոչինչ չգիտեր, հետեւաբար, կառավարությունը խախտել է 13-րդ՝ պետպարտքի հրապարակայնության մասին հոդվածը: Բացի դրանից, այդ պարտքն ընդգրկված չի եղել պետական պարտքի կառավարման եռամյա ռազմավարության մեջ: Խախտվել է 12-րդ հոդվածը», – ընդգծել է Զուրաբյանը: Նա հավելել է, որ խախտվել է նաեւ «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի 4-րդ հոդվածը, ըստ որի՝ «ՀայՌուսգազարդի» կառավարության սեփականության հանդիսացող 20% բաժնեմասի մասնավորեցման համար պետք էր ծրագիր կազմել եւ այն ներկայացնել խորհրդարան:



























