Միջազգային հանրության ուշադրությունը հունվարի 22-ից սեւեռված էր շվեյցարիական Մոնտրյոյում տեղի ունեցող «Ժնեւ 2» համաժողովի վրա, որտեղ Բաշար ալ-Ասադի և արտասիրիական ընդդիմության պատվիրակությունները բանակցում էին սիրիական հակամարտության հանգուցալուծման ուղիների շուրջ:

Սակայն, կարծես անտեսված են մնացել ու ոչ պակաս կարևոր են 2014թ-ի սկզբից ծավալվող ներսիրիական զարգացումները, առավել ևս, որ Շվեյցարիայում վերոհիշյալ բանակցություններն այնքան էլ հարթ չընթացան, իսկ քննարկվող հարցերի շրջանակն էլ (գոնե այն ինչ տեսնում ենք տվյալ փուլում) թույլ է տալիս կարծել, որ «Ժնեւ 2»-ը չի կարող տալ սիրիական հակամարտության հանգուցալուծման բանալին:

Ինչևէ` հունվարի 3-ից Սիրիայում բախումներ են արձանագրվում մի կողմից սիրիական ընդդիմադիր որոշ ուժերի (որոնք հիմնականում աջակցություն են ստանում հիմնականում Արևմուտքից և Պարսից ծոցի հարուստ միապետություններից), իսկ մյուս կողմից` «ալ-Կաիդա»-ին (ԱԿ) հարող «Իրաքում և Շամում իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման միջեւ, որի ընթացքում ընդդիմադիրներն արդեն տվել են մոտ 1500 զոհ:

2014թ-ի սկզբից Սիրիայում արձանագրված ու դեռեւս նվազման միտում չունեցող ընդդիմադիրներ-ընդդիմադիրներ ինտենսիվ մարտերը, որտեղ գրանցվեցին նաև բախումներ ԱԿ-ի ճյուղավորումները հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» (ՋՆ-ն 2012թ-ի դեկտեմբերին ԱՄՆ կողմից որակվել է ահաբեկչական կազմակերպություն) և ԻՇԻՊ խմբավորումների միջեւ, փաստում են Սիրիայում կռվող ընդդիմադիր զինյալների և իսլամական արմատական, ներառյալ ծայրահեղական խմբավորումների միջև եղած խորը ճգնաժամի մասին:

Ռազմական ակտիվ գործողությունները զուգորդվեցին իսլամականների ու նրանց առաջնորդների ակտիվությամբ նաև մեդիա ոլորտում, և դա զարմանալի չէ, քանզի, եթե բախումները շարունակվեն, ապա հարցականի տակ կդրվի ջիհադական պայքարն ու ընդհանրապես իսլամական արմատականությունը Սիրիայում:

Հունվարի 23-ին իսլամական հոսանքների միջև ծավալվող գործընթացներին անմիջապես իր ուղերձով անդրադարձավ ԱԿ-ի առաջնորդ Այման ազ-Զաուահիրին, ով պարզապես կոչ հղեց իսլամականներին դադարեցնել բախումները միմյանց միջև:

Իրար հետևից ուղերձներով սկսեցին հանդես գալ ՋՆ-ի առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին ու ԻՇԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին` յուրաքանչյուրը փորձելով

հիմնավորել ու արդարացնել իրենց միջև ծավալված ռազմական բախումները: Ալ-Բաղդադիի ուղերձում նկատվեց վերոհիշյալ զարգացումների վերաբերյալ ԻՇԻՊ-ի ինքնուրույնությունն ու ուրույն վերաբերմունքն ու վարքագիծը, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այս անգամ ևս ԱԿ-ի առաջնորդի հորդորները կմնան անարձագանք հատկապես ԻՇԻՊ-ի կողմից:

Ոգեշնչվելով 2012-2013թթ-ի ընթացքում Սիրիայում ձեռք բերված որոշ ռազմական հաջողություններից և համալրվելով տարբեր իսլամական խմբավորումներով ու իսլամականներով` ԻՇԻՊ-ն իր գործողություններով անցավ նույնիսկ ԱԿ-ի առաջնորդ ազ-Զաուահիրիի կողմից գծված «թույլատրելի սահմանը»` գնալով ռազմական առճակատման ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների դեմ` փորձելով նաև դուրս հանել ջիհադական պայքարը Սիրիայից ու լարվածության մեջ պահել ողջ տարածաշրջանը. Ասածի ապացույցն է շուրջ երկու ամիս Իրաքի արևմտյան Անբար նահանգում ԻՇԻՊ-ի կողմից շարունակվող ռազմական գործողություններն ու իրաքյան այլ տարածքներում չդադարող ահաբեկչական բռնարարքները, ինչպես նաև վերջին շրջանում ԻՇԻՊ-ի ահաբեկչական ակտիվությունը Լիբանանում և տարածաշրջանի այլ հատվածներում:

Որոշ մուսուլմանական արմատական խմբավորումների կողմից սուր քննադատության արժանացավ ԻՇԻՊ-ի նման վարքագիծը`սկսած կառույցի առաջնորդի` Աբու Բաքր ալ-Բաղդադիի անվանարկման ժամանակ ալ-Կուրայշի տիտղոսի չարաշահումից («Աբու Բաքր ալ-Բաղդադի ալ-Կուրայշի»` ինչով շեշտվում է, որ ալ-Բաղդադին սերում է Մուհամմադ մարգարեի ցեղից), ընդհուպ մինչև սիրիական ներկայիս իշխանությունների կողմից հովանավորվելու մեղադրանքները:

Այս համատեքստում վերջին օրերին հաճախակի են հնչում ԻՇԻՊ-ին հասցեագրված քննադատություններ` հատկապես հունվարի 21-ին Սիրիայում ԱԿ-ն ներկայացնող Աբու Խալիդ աս-Սուրին ուղերձով հանդես եկավ, որտեղ ԻՇԻՊ-ի և նրա առաջնորդի հասցեին հնչեցրեց մեղադրանքներ` շեշտելով, որ ԻՇԻՊ-ը Սիրիայում պայքարող իսլամական արմատական խմբավորումներից մեկն է, այլ ոչ թե «պետություն է»` մատնանշելով վերջինիս դերն ու կարգավիճակը տարածաշրջանում վարվող ջիհադական պայքարում:

Դրա հետ զուգահեռ, իսլամական արմատական շրջանակներում նկատվեցին բախումների դադարեցմանն ուղղված այլ ակտիվ մտահաղացումներ: Մասնավորապես հեղինակավոր շեյխ Աբդալլահ Մուհայսինին հունվարի 23-ին նոր «Ումմայի նախաձեռնությամբ» հանդես եկավ, որտեղ հակամարտող կողմերին կոչ արվեց դադարեցնել բախումներն ու վեճերի լուծման համար ստեղծել շարիաթական կոմիտե, որը պետք է կազմված լինի կողմերի համար ընդունելի ու այդ բախումներից զերծ մնացած փոքր իսլամական արմատական խմբերի կողմից առաջ քաշված 10 անդամներից և այլն: Նախաձեռնության օգտին հանդես եկան հակամարտության մեջ ներգրավված մի շարք իսլամական խմբավորումներ և Սիրիայից դուրս գտնվող որոշ իսլամական արմատական հոգևոր առաջնորդներ. Իսկ վերջիններս քիչ դերակատարում չունեն սիրիական հակամարտության մեջ ներքաշված իսլամականների ֆինանսավորման ու աջակցման մեջ, ուստի Մուհայսինիի խաղաղության առաջարկից հրաժարվելն իր մեջ նաև որոշակի ռիսկեր էր պարունակում:

Սակայն, կարծես ԻՇԻՊ-ին դա չի անհանգստացնում, ավելին` հունվարի 27-ին կառույցը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մերժեց նախաձեռնությունը, պահանջեց, որ բոլոր նախաձեռնության տակ ստորագրող իսլամական ուժերը կտրեն իրենց կապերը Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և այլ երկրների, ինչպես նաև Արևմուտքի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր աշխարհիկ խմբերի հետ` հայտնելով, որ, եթե դա տեղի չունենա, կառույցը շարունակելու է իր պայքարն այդ խմբավորումների դեմ:

Այդուհանդերձ` ԻՇԻՊ-ը գնում է դեպի մեկուսացում, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում զարգացումները Սիրիայում: Անկախ այն հանգամանքից թե ում կողմից է ֆինանսավորվում, և ում աջակցությունն է վայելում ԻՇԻՊ-ը, այն իրենից նախագիծ է ներկայացնում, թե առաջնորդվում է իսլամական արմատական «անկեղծ գաղափարներով», ԻՇԻՊ-ն ազդեցիկ գործոն է սիրիական հակամարտությունում: Հաշվի առնելով, որ ԻՇԻՊ-ին իրենց հավատարմության երդումն են տալիս տարբեր իսլամական արմատական կառույցներ, իսկ խմբավորման զինանշանն ու դրոշը հաճախակի են հանդիպում վերջին ամիսներին տարբեր տարածաշրջաններում գործող իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից տարածվող տեսանյութերում` ԻՇԻՊ-ը ստանձնում է զգալի դերակատարում նաև այլ տարածաշրջաններում: Հետևաբար, անտեսել տարածաշրջանում աստիճանաբար ազդեցիկ դիրքեր ստանձնող իսլամական ծայրահեղական ներուժն ի դեմս ԻՇԻՊ-ի, նշանակում է շարունակել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման բանալիները փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան:

Սարգիս Գրիգորյան