Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումը ՀՀ քաղաքացիական հասարակության եւ իշխող կոալիցիայի մեջ չմտնող խորհրդարանական չորս ուժերի պայքարի արդյունքն է: Այս մասին փետրվարի 4-ին խորհրդարանում հայտարարել է  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է որոշ գործատուների շահերին, որոնք աշխատակիցներին պարտադրում են վճարել աշխատավարձի 5%-ը՝ հակառակ դեպքում սպառնալով հեռացնել աշխատանքից:  «Մինչդեռ բոլորին է հայտնի,  թե որքան դժվար է Հայաստանում աշխատանք գտնելը: Հարգելի քաղաքացիներ, Սահմանադրական դատարանի որոշումը հիմք է այդ 5%-ները չվճարելու համար, եթե չեք ցանկանում  վճարել:  Մինչեւ մարտի 28-ը ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն չվճարել այդ 5%-ը»:

Ըստ Հակոբյանի՝  աշխատակիցներին աշխատավարձի 5%-ը վճարել պարտադրող գործատուները գողեր են, որոնց պետք է դատի տալ: Նա նաեւ նշել է քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանական չորս ուժերի կազմակերպած ցույցերի անհրաժեշտությունը: «Ձեր փոխարեն ոչ ոք չի պաշտպանելու ձեր իրավունքները, եթե դուք ոտքի չկանգնեք հանուն ձեր իրավունքների պաշտպանության», - ասել է նա՝ դիմելով քաղաքացիներին: