Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ փետրվարի 4-ին, ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին եւ ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, ներկայացրել գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոլորտի առաջնահերթությունների շարքում նախարարը հիշատակել է հողերի լիարժեք եւ արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության եւ տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն պատրաստակամություն է հայտնել, ըստ ամենայնի աջակցել Հայաստանի եւ Ռումինիայի գյուղատնտեսության նախարարությունների միջեւ կապերի սերտացմանը:
Հանդիպման ավարտին, դեսպանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին փոխանցել է Ռումինիայի գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարար Դ. Կոնստանտինի 2014 թվականի ապրիլի 1-4-ը Բուխարեստում կայանալիք ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ եվրոպական տարածաշրջանային 29-րդ համաժողովին եւ ՊԳԿ-ի գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանին մասնակցելու հրավերը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հայտնել , որ հնարավորության դեպքում կմասնակցի համաժողովին:




























