Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որտեղ ներկայացվել եւ ի գիտություն են ընդունվել հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության եւ 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները:
Այնուհետեւ ներկայացվել են հիմնադրամի կողմից 2014 թվականին իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում, ընդհանուր առմամբ, 35 հետկար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ կիրականացվեն սանիտարական ձեւավորման աշխատանքներ:
Մարզերում անտառների վերականգնման ծրագրերը կշարունակվեն նաեւ 2015 թվականին:
Միաժամանակ, 2014-ին նախատեսվում է ավարտին հասցնել Երեւանի անտառտնտեսության «Էրեբունի անտառպետության» 51 հեկտար տարածքում անտառապատման ծրագիրը: Այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա խուսափել հնարավոր սողանքներից: Նախորդ տարի տարածքում իրականացվել են ջրագծի եւ ցանկապատի կառուցման աշխատանքներ:



























