2013թ. ավելի քան 70 մլն դրամի սարքավորում է ձեռք բերվել Երեւանի հիվանդանոցների համար: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

«Յոթ հիվանդանոց ունենք քաղաքապետարանի ենթակայության տակ: 2011թ. Ընդունված հիվանդների թիվը կազմել է ավելի քան քսան հազար հիվանդ, որից 13 հազարը պետպատվեր, իսկ 2013թ. ավելի քան 22 հազար հիվանդ, որից 15 հազարը պետպատվերով»:

Տեղակալը ներկայացրեց նաեւ վերջին երեք տարիների ծնունդների թիվ. «Համեմատելով կարող ենք ասել, որ ծնունդների թիվը նվազել է, սակայն դա կապված է այն բանի հետ, որ մարզերից այլեւս չեն գալիս այստեղ ծննդաբերելու»:

Խոսելով շտապօգնության մասին` Դավիթ Օհանյանն ասաց, որ շտապօգնության յոթ ենթակետ է գործում տարբեր համայնքներում, որպեսզի հասցնեն հիվանդներին սպասարկել 7-13 րոպեում:

«Հորդորում ենք մեր քաղաքացիներին անտեղի կանչեր չգրանցել. Լինում է, որ կանչում են ուղղակի ճնշում չափելու համար, որպեսզի մենք ավելորդ ժամանակ չծախսենք դրա վրա»,- ասաց տեղակալը:

Վիճակագրության համաձայն` նախորդ տարի շտապօգնությունը սպասարկել է 218 հազար քաղաքացու:

Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաները նախորդ տարի սպասարկել են ավելի քան 2 մլն հիվանդի. «Այս տարի 21.1% աճ ենք գրանցել մեր բյուջեում: Շարունակելու ենք սարքավորումներ ձեռք բերել հիվանդանոցների համար»: