Հունվարին Հայաստանում գնաճի պատճառը մրգերի եւ բանջարեղենի գներն են եղել: Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք այսօր՝ փետրվարի 5-ին, ներկայացրել է ԱՎԾ գների եւ արտաքին մատակարարումների վարչության պետԳուրգեն մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ գնաճը հունվարին՝ 2013-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 2,8 տոկոս: Միաժամանակ, կարտոֆիլը թանկացել է 41,6 տոկոսով, բանջարեղենը՝ 10,6 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, մրգերը, բանջարեղենն ու կարտոֆիլը պայմանավորել են գնաճի 3 տոկոսի աճ: Եթե դրանք գները մնային նույնը, գնաճ ընդհանրապես չէր լինի, կարձանագրվեր 0,2 տոկոսի գնանկում:
Մանսավորապես, 2013-ի նոյեմբերին կարտոֆիլի միջին գինը կազմել է 147 դրամ, իսկ հունվարի 20-ին՝ արդեն 284 դրամ: Փետրվարի սկզբին այն նվազել է հասնելով 271 դրամի:
Նմանատիպ միտում է եղել նաեւ կաղամբի դեպքում: Դեկտեմբերի սկզբին այն վաճառվել է մոտ 150 դրամով, իսկ արդեն հունվարի 10-ին՝ 210 դրամով: Փետրվարին կաղամբի գինը նվազել է, հասնելով 171 դրամի:
2014-ի հունվարին պարենային ապրանքների գնաճը կազմել է 5,3 տոկոս (մրգերի, բանջարեղեինի եւ կարտոֆիլի հաշվին):
Մսի գնանկումը կազմել է 0,5 տոկոս, իսկ յուղի եւ ձեթի գնանկումը՝ 1,3 տոկոս, շաքարինը՝ 0,6 տոկոս:
Ձվի գինը մնացել է անփոփոխ, կաթնամթերքի գները աճել են 0,8 տոկոսով, հացի եւ հացամթերքներինը՝ 0,1 տոկոսով: Ծխախոտը թանկացել է 0,6 տոկոսով:



























