Երեւանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է յոթ վերգետնյա անցումի կառուցում: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

«Անցումները կառուցելիս հաշվի ենք առնում բնակիչների բողոքները եւ թե ինչքանով է այս անցումը կարեւոր այդ շրջանում»,- ասաց նա:

Դավիթ Օհանյանի խոսքով` նախատեսվում է կանգառերում տեղադրել եւս 30 չվացուցակ. «300 մլն դրամ ենք նախատեսել կանգառներում չվացուցակներ տեղադրելու համար»:

Անդրադառնալով գովազդային վահանակներին` քաղաքապետի տեղակալը նշեց, որ շարունակվելու են ապամոնտաժվել գովազդի օրենքին հակասող վահանակները, ինչպես նաեւ այն վահանակները, որոնք չեն համապատասխանում չափանիշներին:

Քաղաքապետարանը շարունակում է զարդարել կամարակամուրջները, տեղադրել աղբամաններ, նստարաններ, անվճար հայտարարությունների գրատախտակներ:

«Գրատախտակներ տեղադրելով մենք կարողացանք մաքուր պահել Երեւան քաղաքը»,- ասաց Դավիթ Օհանյանը:

Արտաքին ձեւավորման վարչությունը տոներին համապատասխան զարդարում է քաղաքը: