Սերժ Սարգսյանը պետք է հրավիրի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կամ պետք է արմատապես փոխի իր արտաքին եւ ներքին քաղաքականությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Կա'մ պիտի բովանդակային շրջադարձ կատարի եւ իր արտաքին եւ ներքին քաղաքական հիմքերը էապես փոխի, կա'մ պետք է հրավիրի համապետական նոր ընտրություններ: Միայն պարբերաբար սփյուռք այցելելով եւ իսկապես գեղեցիկ, գունագեղ, ռոմանտիկ ճառեր արտասանելով չէ, որ մենք ունենալու ենք ժամանակակից Հայաստանի ժողովրդավարական եւ մրցունակ քաղաքականություն», — ասել է նա ու հավելել, որ Սերժ Սարգսյանը դերզորյան եւ վաշինգտոնյան գեղեցիկ ճառերից պետք է անցում կատարի դեպի իրական քաղաքականություն եւ խոսքերը վերածի գործի։ Իսկ եթե նախագահը դա չանի, ապա ցույց կտա, որ «ժողովրդին խաբելու քաղաքականությունը շարունակվում է»:

Ըստ «Ժառանգության» ղեկավարի, երբ նախագահ Սարգսյանը հրապարակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր որոշումը, պարզ կդառնա՝ արդյո՞ք նա վերադառնում է ազգային, պետական եւ քաղաքացիական ուղի, թե՞ իրականցանում է բլեֆի մարտավարություն, երբ «ասում է շատ գեղեցիկ մի բան, բայց իրական կյանքում անում է հակառակը»:

Ր. Հովհաննիսյանը հայ-թուրքական ներկա գործընթացը որակել է որպես «անարժանապատիվ եւ հակապետական», որով աննախադեպ հարված հասցվեց Հայաստանի ազգային անվտանգությանն ու Հայաստանի քաղաքացու արժանապատվությանը, քանի որ ՀՀ իշխանությունները իրենց ստորագրությունը դրեցին «ուղղակի եւ անուղղակի բազմաթիվ նախապայմաններ» պարունակող արձանագրությունների տակ: Այժմ, նրա խոսքով, միայն ստորագրությունները հետ կանչելով խնդիրը չի լուծվի. Հայաստանն իր քաղաքականությունը էապես փոխելու անհրաժեշտություն ունի:

Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, թե դա պարզ կլինի Սերժ Սարգսյանի առաջիկա քայլերից. «Եթե վերադարձից հետո, այս որոշման հաջորդ հրապարակումից հետո չի երեւում, որ կա այդտեղ հանձնառությունը, ծրագիրը՝ Հայաստանը դարձնել իրավական, օրինական, ռելեւանտ, պատկան եւ մրցունակ պետություն, այլ կերպ չկա, իմ կարծիքով, քան արտահերթ ընտրություններ: Կամ էլ ժողովուրդը ինքը պետք է ընտրի՝ ինչպես Հայաստանը փրկել սպասվող արհավիրքից»: