Երեւանի քաղաքապետարանը ոչ մեկին չի պարտադրել կուտակային կենսաթոշակային ֆոնդ ընտրել: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը` անդրադառնալով այն տեղեկություն, թե քաղաքապետարանն իր աշխատակիցներից գանձել է կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:

«Մենք ոչ մի ընկերության, ոչ մի հիմնարկի գրավոր կամ բանավոր չենք դիմել ու պահանջել, որ ֆոնդ ընտրեն կամ պահումներ անեն»,- ասաց փոխքաղաքապետը:

Դավիթ Օհանյանը նշեց, որ չգիտի, թե իր աշխատակիցներից ովքեր են արդեն ֆոնդ ընտրել. «Տղաս կենսաթոշակային ֆոնդ ընտրել է: Դա հաստատ գիտեմ»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:

Իր հերթին ֆինանսների նախարարությունը հանդես է եկլ հայտարարությամբ, որտեղ նշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային  վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն: