Հայաստանի վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ:

Նիստում ներկայացվել են 2013 թ. առաջին ինը ամսվա կտրվածքով ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները, ապա ըստ ոլորտների իրականացված մոնիթորինգի թիրախային ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, ինչը 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով: Իրացվել է 1 տրիլիոն 214.4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 8.3 տոկոս աճ, որից արտահանման ծավալը կազմել է 453 մլրդ դրամ:

2013 թ. ինը ամսվա կտրվածքով արտադրանքի իրացման եւ արտահանման ցուցանիշների աճ է արձանագրվել, մասնավորապես, հետեւյալ ոլորտներում՝

դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ - իրացման թիրախային ծավալ՝ 12 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 12.6 մլն ԱՄՆ դոլար, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 9 ամսվա կտրվածքով՝ 6.7 մլն ԱՄՆ դոլար,

կոնյակագործություն - իրացման ծավալը թիրախային՝ 5 տոկոսից աճել է փաստացի 14.9 տոկոսի, այսինքն՝ գերազանցել է ծրագրված ցուցանիշը շուրջ 10 տոկոսով, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 135 մլն ԱՄՆ դոլար, 9 ամսվա կտրվածքով փաստացի ցուցանիշ՝ 125.5 մլն ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալի փաստացի ցուցանիշը կգերազանցի թիրախայինը,

ոսկեգործություն – արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 19.4 մլն ԱՄՆ դոլար, փաստացի ցուցանիշ՝ ինը ամսվա կտրվածքով 15.3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առաջնային նպատակային շուկաներում ոսկեգործության արտադրանքի արտահանման ծավալի թիրախային ցուցանիշը եղել է 8.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ փաստացի կազմել է 8.6 մլն ԱՄՆ դոլար՝ 9 ամսվա կտրվածքով:

Այնուհետեւ անդրադարձ է եղել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների համապատասխան գործողությունների ծրագրերի մոնիթորինգի եւ մեթոդաբանության համակարգին, որն իրենից ներկայացնում է այդ ռազմավարությունների իրականացման մոնիթորինգի եւ գնահատման ցուցանիշների համակարգ: Վարչապետ Սարգսյանը կարեւորել է ունիվերսալ մեթոդաբանության եւ որակի վերահսկման ունիվերսալ համակարգի մշակումը, որը կիրառելի կլինի ՀՀ արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված բոլոր ճյուղերի համար:

Արդյունքների ամփոփմանը հաջորդել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված եւս երկու ճյուղերի՝ ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ու թեթեւ արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության հուշագրերի ստորագրման արարողությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի ոսկեգործների եւ ակնագործների միության, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի, արտադրող ընկերությունների եւ կրթական եւ գիտահետազոտական կառույցների, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտը՝ ի դեմս ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության, ոլորտի ընկերությունների եւ կրթական հաստատությունների ստորագրել են համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ոսկեգործության, ժամագործության եւ ադամանդագործության, թեթեւ արդյունաբերության ոլորտի անունից՝ ոլորտային միությունների եւ ընկերությունների ներկայացուցիչները:

Ստորագրված հուշագրերի նպատակն է՝ նպաստել ոսկեգործության, ժամագործության եւ ադամանդագործության ու թեթեւ արդյունաբերության երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման եւ միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ինչպես նաեւ ընդլայնել պետական ու մասնավոր հատվածների միջեւ համագործակցությունն այդ ոլորտների զարգացման ռազմավարության ներքո: Թեթեւ արդյունաբերության ոլորտային ծրագիրը կնպաստի հագուստի, ինչպես նաեւ կաշվի եւ կոշիկի արտադրության ենթաոլորտների, ոսկեգործության ոլորտային ծրագիրը՝ ալմաստի մշակման, ժամացույցների եւ ոսկյա զարդերի արտադրությա...

Թեթեւ արդյունաբերության ոլորտային ծրագիրը կնպաստի հագուստի, ինչպես նաեւ կաշվի եւ կոշիկի արտադրության ենթաոլորտների, ոսկեգործության ոլորտային ծրագիրը՝ ալմաստի մշակման, ժամացույցների եւ ոսկյա զարդերի արտադրության ենթաոլորտների զարգացմանն ու արտահանման ծավալի ընդլայնմանը: