Առանց ավելացված արժեքի հարկի գազի մարժան Հայաստանի ներսում այնքան էլ բարձր չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Խոշոր բաժանորդների համար, որոնք ամսական օգտագործում են 10 հազար եւ ավելի խմ գազ, մարժան, ինչպես գիտեք, կազմում է 90 դոլարից պակաս: Իսկ առանց ԱԱՀ-ի այն կազմում է մոտ 30 դոլար, այսինքն շատ համեստ թիվ»,-ասել է Նազարյանը:
Անդրադառնալով փոքր բաժանորդների համար սակագնին, Նազարյանը նշել է, որ նրանց համար գազը ավելի բարձր աստիճանի դեկոմրեսացիայի է ենթարկվում, որի համար լրացուցիչ ծախսեր են արվում:
Նշենք, որ խորհրդարանում ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց գազի գնի մեծ մարժան է Հայաստանի ներսում: Հայաստանը սահմանին ռուսական գազը գնում է 189 դոլարով (1000 խմ-ի դիմաց), իսկ բնակչությանը վաճառում է 156 հազար դրամով (մոտ 380 դոլար):



























