Հանրապետական կուսակցությունը կառավարության փաստաբանն է խորհրդարանում, իսկ դրա պատգամավորներն ուղղակի կոճակ սեղմողներ են:

Այս մասին փետրվարի 5-ին լրագրողներին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար  խորհրդարանական ընդդիմության հասցեին Գալուստ Սահակյանի խոսքերը: «Բնութագրումները թող իրենց պահեն: Մենք խոսում ենք փաստերով, որոնց համար նրանք բացատրություն չունեն, եւ ժողովուրդն ինքը թող որոշի՝ ով է պոպուլիզմով զբաղվում: Ես ու Գալուստ Սահակյանը փողոց դուրս գանք եւ տեսնենք՝ ինչպես է արձագանքում ժողովուրդը մեր ներկայությանը»,- ասել է Մանուկյանը:

Հիշեցնենք,  ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով գազային համաձայնագրերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության առաջարկը, այն անվանել էր անընդունելի: «Որպես կանոն՝ ընդդիմությունը չի փորձում հարցեր լուծել, պարզապես հանրությանը փորձում է ցույց տալ, որ իրենք հրեշտակային անգնահատելի գործ են անում, իսկ մյուսները սրիկաներ են: Քաղաքականության մեջ դա չի անցնում», - նշել էր խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: Ըստ Գալուստ Սահակյանի՝ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի պահվածքը դիվերսիա է, որով ցանկանում են քաղաքական դիվիդենտներ հավաքել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am