Արդշինինվեստբանկի ժամանակակից, հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, վերանորոգված եւ նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 4-ին Աշտարակ քաղաքում:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արդշինինվեստբանկի «Աշտարակ» մասնայուղը տեղակայված է ք. Աշտարակ, Ն. Սիսակյանի 25/33 հասցեում:

Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, Բանկի հաճախորդներ եւ ղեկավարներ:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացման եւ ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:

«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում, Բանկի ղեկավարությունը, մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաեւ մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել եւ համապատասխանեցվել են հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին, ինչպես` Երեւան քաղաքի, այնպես էլ` Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարեւորը դա բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցում ապահովելն է:». -նշեց Մհեր Գրիգորյանը:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմիզացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:

Հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը` իր 55 մասնաճյուղերով, խոշորագույներից է հանրապետությունում: