Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարեւորում ենք նաեւ միջազգային փորձի փոխանակումը: Ասյ մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պրիիտ Տուրկի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով, ըստ ոլորտների, ձեռնարկվում են լուրջ քայլեր. «Անշուշտ, շատ կարեւոր է նաեւ գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երեւանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ գործընկերային երկուստեք կապեր կհաստատենք ինչպես Երեւանի եւ Տալլինի, այնպես էլ Էստոնիայի այլ քաղաքների միջեւ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պրիիտ Տուրկն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երեւանի եւ Էստոնիայի քաղաքների միջեւ եւս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Քաղաքների խնդիրներն իսկապես համանման են, եւ ես համամիտ եմ Ձեզ հետ, պարոն քաղաքապետ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցություն ծավալելով՝ դրանց լուծումն առավել հեշտ է դառնում: Եվ վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ, եւ արդեն առաջիկայում մենք կքննարկենք կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարները»,- նշել է դեսպանը:
Հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է նաեւ գործընկեր քաղաքների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում եւ առաջարկել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ եւ մշակել համագործակցության համապարփակ ծրագիր:



























