«ՀայՌուսգազարդի» հանգստյան տունը չի ֆինանսավորվում Հայաստանի սպառողների համար սահմանված գազի սակագնի հաշվին: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում: «ՀայՌուսգազարդի» ցանկացած գործունեության ծախսերը, որոնք դուրս են գազաբաշխիչ լիցենզիայի սահմաններից, սակագնի մեջ ներառված չեն»,-հավաստիացրել է Նազարյանը: «Հայտարարություններն այն մասին, որ ներկայացուցչական ծախսերը հասնում են հարյուր հազարավոր դոլարներ, չեն հաստատվում սակագնի հիմնավորմամբ: Մենք դրանք կրճատել ենք ավելի քան վեց անգամ՝ համեմատած հայտի հետ».-ասել է Նազարյանը:
Ինչ վերաբերում է ընկերության աշխատակիցների աշխատավարձերի հիմնադրամին, ապա, ինչպես ընդգծել է Նազարյանը, աշխատավարձերը սահմանվում են մասնավոր սեկտորում համարժեք պաշտոնների միջին աշխատավարձերին համապատասխան: «Դրանից ավել ընկերությունն իր աշխատակիցներին կարող է պարգեւատրել իր եկամուտի հաշվին»,-պարզաբանել է Նազարյանը:



























