Հայաստանում բաժանորդները տնային գազային ցանցերի բավարար սպասարկում չեն ստանում: Այդ մասին փետրվարի 5-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ««AEG Service» ընկերությունը չմատուցվող ծառայությունների համար վճար է պահանջում: Վճարը պարտադիր է բոլորի համար: Երբ 2010թ. մենք առաջարկեցինք գազի հարցով աշխատանքային խումբ ստեղծել, ցանկանում էինք քննարկել նաեւ այս հարցը», – ասել է Ռուստամյանը:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նկատել է. «Հիշեցնեմ, որ 2010 թ. մենք ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ քննարկում անցկացրինք եւ վերանայեցինք ներտնային համակարգերի սպասարկման սակագները՝ նվազեցնելով դրանք:  Սակայն բացատրեցինք դրանց անհրաժեշտությունը: Դա անվտանգություն հարց է: Մի անփույթ բաժանորդի պատճառով կարող է տուժել ամբողջ շենքը»: Նազարյանը հավելել է, որ «AEG Service»-ն ընտրվել է  օպերատոր՝ ըստ մրցույթի արդյունքների, եւ վերջինս պատասխանատու է նրա գործունեության եւ ծառայությունների որակի համար՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման:

 Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am