Որոտան կասկադ ՀԷԿ-ը չի դադարի գործել որպես ձեռնարկություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ «Որոտանի կասկադ» ընկերչությունը շարունակում է կառավարել իր ակտիվները: «Կառավարությանն են պատկանում բաժնետոմսերը, ոչ թե դրա գույքը: Ընկերությունը կշարունակի գոյություն ունենալ նաեւ այն բանից հետե, երբ բաժնետոմսերը պետությունից փոխանցվեն այլ սուբյեկտի: Խնդրում եմ հստակ տարանջատել բաժնետոմսեր եւ ունեցվածք հասկացությունները»,-ասել է Թովմասյանը:
Այս թեմայի վերաբերյալ արդարադատության նախարարին հարց էր ուղղել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ Որոտանի ՀԷԿ վաճառքը կառավարությունը առանց օրենքների պահպանման եւ առանց ԱԺ-ի հավանության է արել, ինչը հանցագործություն է եւ դրա համար երբեւէ պատասխան են տալու։
Հրայր Թովմասյանն այսպես արձագանքեց. «Այս բարձր ամբիոնից անհեթեթություն ասելը որեւէ մեկին պատիվ չի բերում եւ տարրական իրավաբանական գիտելիքների պակասն էլ որեւէ պատգամավորի պատիվ չի բերում: Եթե դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ այդտեղ տրամաբանություն չկա, եթե դուք այդ տրամաբանությունը չունեք՝ ամբողջը հասկանալու եւ ընկալելու համար, եթե դուք այդքան լսելու ունակություն չունեք՝ ձեր տված հարցի պաատասխանը լսելու, ապա, ձեզ ասում եմ՝ դուք կընկնեք շատ անհեթեթ վիճակի մեջ, երբ որ հակառակը կլինի, երբ պետությունը ստիպված կլինի մեկ շկաֆ վաճառելու եւ հանկարծ ձեր թույլտվությունը ստանալ` վաճառե՞լ դա, թե՞ չվաճառել։ Եթե ձեր կորպորատիվ իրավունքի տարրական, էլեմենտար գիտելիքները ընկալելի չեն՝ ինչ է նշանակում բաժնետոմս, ինչ է նշանակում բաժնետոմսով ապահովված ապրանք, որ չի կարող նույն գույքը երկու ձեւով սեփականություն լինել, դա ձեր մեղքն է, եւ մեր երկրի դժբախտությունն է, որ դուք այս ամբիոնից կարող եք նման հարցեր բարձրացնել»։
Հունվարի 29-ին ստորագրվել է պայմանագիր, որով կառավարությունը պետական ընկերությունը 180 մլն դոլարով վաճառել է ամերիկյան Contour Global ընկերությանը:
«Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերությունը բաղկացած է 3 էլեկտրակայաններից: Ընկերության 100 տոկոսի սեփականատերը ՀՀ կառավարությունն է: 2010 եւ 2011 թվականներին կասկադը արտադրել է մոտ 1,2 մլրդ կՎտ/ժմ էլեկտրաէներգիա, ինչը 2011-ին կազմել է Հայաստանի ընդհանուր գերենացիայի 16 տոկոսը:




























