ՀՀ կառավարությունը չէր կարող արդիականացնել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը՝ դրա ներկայիս եկամտի պայմաններում: Այս մասին փետրվարի 5-ին խորհրդարանում  հայտարարել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:

Իր խոսքում Սարգսյանը հարցականի տակ է դրել էլեկտրաէներգիան գեներացնող եւ կայուն եկամուտ տվող պետական ձեռնարկության վաճառքի անհրաժեշտությունը:

Նկատենք, որ 2011թ. կասկադի եկամուտը կազմել էր 673,3 մլն դրամ, արտադրանքը՝ տարեկան մոտ 1 մլրդ կՎտ/ժամ:  Հունվարի 29-ին ձեռնարկության բաժնետոմսերը ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու պայմանագիր էր ստորագրվել:

Նախարարը նշել է, որ 673,3 միլիոն դրամը կամ 1,5 միլիոն դոլարը չափազանց փոքր գումար է  վերազինման ներդրումների համար: «Իսկ կասկադն արդեն 40 տարվա է: Նման կառույցների համար 40 տարին սահմանային տարիք է, որից հետո վերանորոգում է անհրաժեշտ», – հայտարարել է նախարարը:

Ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչու կասկադի մասնավորեցման հարցը տեղի է ունեցել առանց խորհրդարանի իմացության: «Այս դեպքում դուք ոչնչի համար պատասխանատու չեք», - հայտարարել է նախարարը:

Որոտանի ՀԷԿ-ը բաղկացած է երեք էլեկտրակայաններից՝ Սպանդարյանի (տեղակայված հզորությունը՝ 76 մՎտ), Շամբի (171 մՎտ) եւ Տաթեւի  (157.2 մՎտ): «Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը ՀՀ կառավարությունն է: 2010 եւ 2011թթ. կասկադն արտադրել է 1,2 միլիարդ կՎտ էլեկտրական հոսանք: