Գազի սակագների առումով Հայաստանի ինքնուրույնության մասին հարցերը հստակ պատասխան կստանան, եթե հայ պաշտոնյաները այդ հարցը տան ռուսական կողմին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրում կան կետեր, համաձայն որոնց՝ «ՀայՌուսգազարդի» իրավասությունները ենթակա չեն փոփոխությունների, լրացումների, հետ կանչման՝ առանց ռուսական կողմին նախապես զգուշացնելու, իսկ հանձնաժողովն էլ փաստորեն պետք է պաշտպանի ռուսական կողմի տնտեսական շահերը:
«Այդ պայմանագիրը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որը համաձայնեցված է եվրոպական սկզբունքների հետ»,-հայտարարել է պատգամավորը:
Այս պայմաններում, ըստ նրա, ՀԾԿՀ-ն վերածվելու է «Գազպրոմի» շահերի պաշտպանի: «Իսկ դուք ասում եք, որ գործելու եք նախկին լիազորություններով: Դուք դա մեզ կարող եք ասել, իսկ կարո՞ղ եք նույնը ասել ռուսներին»,-հայտարարել է Ռուստամյանը:
«Մեր Սահմանադրությունն ասում է, որ այս պայմանագիրը վեր է մեր բոլոր օրենքներից եւ որպես հանձնաժողով պարտավոր եք գործել մեր օրենքներով, ինչ օրենք էլ ընդունենք վաղը, փոխենք մեր կարգը, դուք պարտավոր եք հետեւել, այս մարդիկ իրավունք ունեն ասելու, որ այս կարգերը մեզ համար չեն գործելու: Այստեղ գրած է, որ դուք պարտավոր եք իրենց տնտեսական շահերը չոտնահարել եւ ձեր հանձնաժողովը վերածվելու է այս պայմանագիրը երաշխավորող հանձնաժողովի: Դուք ասում եք ողջ հանրությանը, որ շարունակելու եք գործել այնպես, ինչպես նախկինում, էդ մեզ կարող եք է ասել, բայց Ռուսաստանին չեք կարող ասել, սա «ՀայՌուսգազարդն» է, որի հետեւում կանգնած է Ռուսաստանը: Սրա մասին է հարգելինե՛րս։ Ինչո՞ւ ենք մենք մեզ խաբում»,- նշել է նա:
Ռոբերտ Նազարյանը չի համաձայնել Ռուստամյանի ելույթի հետ՝ նշելով. «Մենք կշարունակենք առաջնորդվել ՀԾԿՀ մասին օրենքով, նաեւ կառավարության եւ մեր հանձնաժողովի որոշումներով: Մենք հետայսու եւս կկատարենք մեր լիազորությունները գազի սակագնի հաստատման վերաբերյալ, դուք դրանում կհամոզվեք: Եթե ես ինձ ճնշված զգամ իմ լիազորությունները կատարելիս, ես կգամ եւ պատգամավորների օգնությանը կդիմեմ»,-հայտարարել է Նազարյանը:




























