Երբեմն պետք է ընտրել վատի եւ վատագույնի միջեւ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ անդրադառնալով «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական կողմին վաճառելու մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին:
«Դուք այս պայմանագիրը համեմատեցիք «գույք պարտքի դիմաց» գործարքի հետ՝ հայտարարելով, որ այն չի հասել իր նպատակին: Չի կարելի դրա հետ չհամաձայնել, մենք մեր մտավոր ներուժի կարեւոր մասը փոխանցել ենք Ռուսաստանին, բայց համարժեք արդյունք չենք ստացել: Իսկ եթե մի քանի տարի անց Դուք նույնկերպ արտահայտվեք «Գազպրոմի» հետ գործարքի մասին, որի նախապատրաստությանն ինքներդ եք մասնակցել, եթե , իհարկե, մինչ այդ մնաք կառավարությունու»,-հայտարարել է Հակոբյանը:
Ի պատասխան Մովսիսյանը նկատել է, որ բաց չի քննադատել «գույք պարտքի դիմաց» գործարքը: «Իհարկե, լինում է այնպես, որ ցանկացած կառավարություն ստիպված է լինում ընտրել վատի եւ վատագույնի միջեւ: Ձեր նշած գործարքը պայմանավորված է եղել այն ժամանակների դժվարություններով: Ինչ վերաբերում է ներկա պայմանագրին, դա պարտք էր, որը պետք էր ինչ-որ կերպ փակել: Հակառակ դեպքում՝ այլ դժվարություններ կծագեին»,-ասել է նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:
Պայմանագրի ստորագրումից հետո նախատեսվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ից ստացված դրամական միջոցների հաշվին ՀՀ կառավարության կողմից փոխհատուցման տրամադրում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին՝ ՀՀ սպառողներին գազամատակարարման նպատակով բնական գազի առաքման փաստացի ծավալների համար՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից ձեռք բերված բնական գազի գնման փաստացի գնի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագների հաշվարկում դրված մեծության տարբերության փոխհատուցման տրամադրման համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ 2011-ի ապրիլից մինչ օրս Հայաստանը գազն ստացել է ավելի ցածր գնով, քան պատրաստվում էր որոշել «Գազպրոմը»: Անվանական 180 դոլար (1000 խմ-ի դիմաց) եւ իրական 270 դոլարի միջեւ եղած տարբերությունը կազմել է 300 մլն դոլար, որը Հայաստանն ու Ռուսաստանը որոշել են իրար մեջ բաժանել հավասարաչափ:



























