Վանաձորում գազամատակարարումը կվերականգնվի մինչեւ երեկո։ NEWS.am-ի թղթակցին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից հայտնեցին, որ Լոռու մարզի գազամատակարարման եւ գազաֆիկացման մասնաճյուղի վթարավերականգնողանական ծառայությունը մոբիլիզացրել է եւ տեխնիկա, եւ մարդկային ռեսուրս, վթարային հատվածը լոկալացված է։ «Կառուցվել է 250 մետր այլընտրանքային ժամանակավոր գազատար, որը հնարավորություն կտա վերականգնել քաղաքի մյուս հատվածի գազամատակարարումը, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ եւ մինչեւ երեկո կիրականացվի գազաթողարկում»,- հայտնեցին «Հայռուգազարդից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գազի արտահոսքի պատճառով փետրվարի 3-ին առաջացած պայթյունից հետո քաղաքի գազամատակարարումը դեռ չի վերականգնվել, ավելին` Վանաձորի որոշ փողոցներ արդեն մեկ օր է` նաև  հոսանքազրկված են: Պայթյունի վայրում դեռ գազի խողովակների վերանորոգման աշխատանքներ են տարվում, բայց քաղաքի մոտ 40 տոկոսը դեռ գազ չունի։

Գազի մատակարարման դադարեցման պատճառով խանութները, սպասարկման կետերը, բնակարանները սկսել են ձեռուցել էլեկտրական տաքացուցիչներով, ինչը նոր խնդիրներ է առաջացրել։ Մի մասը չի հասցրել գնել էլեկտրական տաքացուցիչները, Վանաձորի խանութներում դրանք արագ սպառվել են։ Բացի դրանից պարզվել է, որ քաղաքի հոսանքալարերը «պատրաստ չէին» նման ծանրաբեռնվածության։