Խորհրդային ժամանակներում քարոզչական հնարքներից ամենատարածվածներից մեկը զարգացած երկրների ցուցանիշների հետ համեմատությունն էր: Արդարության համար նշենք, որ այն ժամանակ հասարակական տրանսպորտի ուղեվարձը, էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագինը աշխատավարձի համեմատ խորհրդանշական թիվ էին կազմում: Այժմ իրավիճակը բոլորովին այլ է. ծառայությունների արժեքը բեռի նման ծանրացել է անապահով ընտանիքների վրա:
Սակայն, ինչպես երեւում է, քարոզչական հնարքներն այդքան էլ կենսունակ չեն: Մեր ժամանակներում շատ պաշտոնյաներ ոչ հստակ համեմատություններ են կատարում մյուս երկրների հետ, թե իբր մեզ մոտ ավելի լավ է, քան մյուս երկրներում:
Նախօրեին հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ղեկավարը պատասխանելով Հայաստանում բնական գազի բարձր սակագնի վերաբերյալ հարցին, հարկ է համարել բերել մի շարք եվրոպական երկրների ցուցանիշներ: Իբրեւ մեզ մոտ բնական գազն ավելի էժան է: Սակայն «մոռանում է» համեմատել աշխատավարձերի մեծությունը:
Համեմատենք Գերմանիայի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երեք պետությունների, Արեւելյան Եվրոպայի հետսոցիալիստական միջավայրի պետությունների ցուցանիշներ: Նշենք, որ հարկերով ու պարտադիր հատկացումներով աշխատավարձերը զարգացած երկրներում եկամտահարկով չի հարկվում: Քանի որ նման «աշխատավարձ» այնտեղ պարզապես գոյություն չունի…
Այսպես, «հարուստ» Գերմանիայում բնական գազի եւ միջին աշխատավարձի համահարբերակցությունը կազմում է 0.02 տոկոս: Այս աղյուսակում ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Բուլղարիային՝ 0.08 տոկոս: Նշենք, որ Էստոնիայում այն կազմում է 0.07 տոկոս: Բնականաբար ամենավատը մեզ մոտ է՝ 0.1 տոկոս:
Այս առթիվ շփոթություն է առաջանում ռուսական բնական գազի մաքսային արժեքի ու մանրածախ սակագնի միջեւ տարբերությունը: Նույնիսկ ԱԱՀ-ն ներառյալ՝ այդքան մեծ տարբերությունը օբյեկտիվ բացատրություններ չունի:




























