«Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվ է Ազգային Ժողովում: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը` չընդունելով այն կարծիքը, թե օրենսդիր մարմնում ՕԵԿ-ը «ենթարկվում է» ՀՀԿ-ին: «Չկա մի քառօրյա, որ մենք չներկայացնենք խնդիրներ եւ հետամուտ չլինենք այդ խնդիրների լուծմանը»:
Խաչատրյանը նշեց նաեւ, որ ՕԵԿ-ն ակտիվ է ոչ միայն Ազգային ժողովում՝ օրենքներ ընդունելիս, այլեւ տարածաշրջաններից ներկայացված իրենց պատգամավորները համայնքներում առկա խնդիրները բարձրաձայնում են ԱԺ-ում:
ՕԵԿ պատգամավորի խոսքով` ընդդիմադիրները տեսնում են ՕԵԿ-ի ակտիվությունը եւ փորձում են քննադատություն հնչեցնել. «Մենք սկզբունքային հարցերում մեր դիրքորոշումը արտահայտել ենք: Օրինակ` Մաքսային միության հարցում մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք՝ կարեւորելով այն պետության անվտանգության տեսանկյունից»,- ասաց Իշխան Խաչատրյանը:
Հարցին, թե պատգամավորն ինչ դիրքորոշում ունի կուտակային կենսաթոշակային նոր համակարգի մասին, Իշխան Խաչատրյանը նշեց. «Կենսաթոշակային բարեփոխումները մեր նախընտրական ծրագրի դրույթներից են եղել: Կենսաթոշակային բարեփոխումները մեր պատկերացմամբ ապահովելու են արժանապատիվ կենսաթոշակ եւ բարեկեցիկ ծերություն»:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:



























