Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը բխում է պետության եւ ժողովրդի շահերից: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

«Մաքսային միությանը միանալը կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ մեր պետության անվտանգությունը ամենակարեւոր իրավիճակն է, որովհետեւ վերջին շրջանում տեսանք, թե հայ-ադրբեջանական շփման գծում ինչպիսի ընդունակությունների եւ ցանկությունների են տիրապետում մեր հակառակորդները»,- ասաց պատգամավորը:

Իշխան Խաչատրյանը կարծում է, որ Մաքսային միությանը միանալուց հետո ապրանքների թանկացումներ շատ չեն լինի. «Չեմ կարծում, որ թանկացումներ կլինեն, որ էս պահին մեզ անհանգստացնում է»:

ՕԵԿ պատգամավորը դեռ Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը չի ուսումնասիրել: Ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում պատգամավորը կծանոթանա եւ կտա իր գնահատականը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: