Որոտան ՀԷԿ-երի համալիրի վաճառքը հաջողված գործարք է: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
«Մեզ համար շատ հաջողված գործարք կատարվեց: Մենք պետք նպաստենք, որ կարողանանք ֆինանսական ներդրումներ կատարել: Պայմանագրի մեջ համաձայնագիր կա, որը նախատեսում է 70 մլն դոլար ներդրում, որը եթե արվի, շատ լավ կլինի»:
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Կառավարության աշխատանքը ՕԵԿ պատգամավորը պատասխանեց. «Կառավարության գնահատականը մենք չպետք է տանք: Բնականաբար, մենք կարող ենք նկատել, վերհանել խնդիրները եւ փորձել մեր աշխատանքով արժանի լուծում տալ դրանց»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը հրաժարվեց գնահատել կառավարության աշխատանքը, չնայած լրագրողները մի քանի անգամ նույն հարցը տվեցին:
Հիշեցնենք, որ համալիրի վաճառքի պայմանագիրը ստորագրվել էր հունվարի 29-ին` ՀՀ կառավարության, «Որոտան ՀԷԿ» ՊՓԲԸ-ի եւ ամերիկյան «Contour Global Hydrocascade» եւ «CG Solutions global holding company» ընկերությունների միջեւ:
Որոտանի ՀԷԿ-ը բաղկացած է 3 էլեկտրակայաններից` Սպանդարյանի (76 մՎտ), Շամբի (171 մՎտ) եւ Տաթեւի (157.2 մՎտ): «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն էր ՀՀ կառավարությունը: 2010 եւ 2011թթ. համալիրն արտադրել է մոտավորապես 1,2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա, որը 2011թ. կազմել է Հայաստանի ընդհանուր էլեկտրամատակարարման 16%-ը եւ ՀԷԿ-ի գեներացիայի շուրջ կեսը:



























