Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է խստացնել ապօրինի շինությունների եւ ինքնակամ քանդումների համար նախատեսված տուգանքները: «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում:
Որոշման մեջ նշվում է, որ ապօրինի շինությունների եւ ինքնակամ քանդումների համար տուգանքները պետք է խստացնել: Մասնավորապես, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողատարածքում կառուցված ապօրինի շինության համար սահմանվում է 200-300 հազար դրամ տուգանք, իսկ ինքնակամ շինության կառուցած տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի բացակայության դեպքում՝ 400-600 հազար: Խախտումը վերացնելու կրկնակի մերժման դեպքում տուգանքը կկազմի 2,5 միլիոն դրամ:
Պատասխանատվություն է նախատեսված նաեւ շինություններն առանց թույլտվության քանդելու դեպքում, ինչպես նաեւ օրինական կառուցված շինություններն առանց շահագործման փաստաթղթի գործածելու համար: Այդ երկու խախտումներն էլ կենթարկվեն 100-200 հազար դրամ տուգանքի, իսկ խախտումը վերացնելու մերժման դեպքում՝ 500 հազար դրամ:



























