Օմբուդսմենն այլընտրանք է փնտրում Քաղաքապետարանի կողմից ներկայացված տրանսպորտի սակագնի հաշվարկներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Մոտ վեց ամիս է ինչ ձեւավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել եւ հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղեւորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղեւորահոսքի ուսումնասիրությունը: Ուղեւորափոխադրումների գնի ձեւավորման համար առանցքային նշանակություն ունեցող հիշյալ հաշվարկը իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Քննարկումների ընթացքում Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ վառելիքի եւ յուղի գների, տրանսպորտային միջոցների լիկվիդացիոն ծախսերի եւ այլ հաշվարկների վերաբերյալ, սակայն դրանք չեն եղել  ամողջական եւ հիմնավորված եւ վերաբերել են միայն ծախսերի առանձին բաղադրիչներին:

Մինչ օրս Հանձնաժողովում ծախսերի այլընտրանքային որեւէ ամբողջական հաշվարկ-հիմնավորում չի ներկայացվել, ինչն էլ հետագայում կարող է տրանսպորտի սակագնի փոփոխման պատճառ հանդիսանալ, մինչդեռ որոշ մասնագետներ պնդում են, որ այլ հաշվարկների առկայության դեպքում կարելի է խուսափել բարձր սակագնից:

Գտնվելով  Հանձնաժողովի կազմում՝ Պաշտպանի խորհրդականի նպատակն է հետամուտ լինել, որպեսզի քննարկվեն եւ հաշվի առնվեն սակագնի ձեւավորման հնարավոր բոլոր արդյունավետ տարբերակները:

Սակայն, քանի որ Պաշտպանի աշխատակազմը չունի մասնագիտական տնտեսական հաշվարկներ անելու համապատասխան ռեսուրսներ, խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպություններին Պաշտպանի աշխատակազմին կամ տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել այլընտրանքային հաշվարկ հիմնավորումներ, որոնք հիմնված կլինեն արդեն իսկ հաստատված չափորոշիչների վրա: Լրացուցիչ աջակցության համար կարող եք կապ հաստատել Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հետ ՝զանգահարելով 53-75-51 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին»: