Ալավերդիի «Դեմ եմ» նախաձեռնությունը վաղը՝ փետրվարի 8-ին, մեծ ակցիա է կազմակերպում քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն հարող հրապարակում՝ այս կերպ արտահայտելով դժգոհությունը կուտակային կենսաթոշակային նոր օրենքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարիաննա Պեպանյանը:

«Սա արդեն երրորդ ակցիան է, որ կազմակերպում ենք: Նախկինում եղել են տեղեկատվական բնույթի ակցիաներ, իսկ այս անգամ կոնկրետ դժգոհելու ենք, որովհետեւ աշխատողներից ստիպողաբար գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը»,- ասաց Մարիանան:

Նշենք, որ նույն օրը Վանաձորում նույնպես նախատեսվում է ակցիա, որին մասնակցելու են նաեւ Երեւանի «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Մարիանայի խոսքով՝ նախապես պայմանավորվել էին միանալ այդ ակցիային. «Բայց ոչ բոլորը կարող էին հասնել մարզկենտրոն, դրա համար որոշեցինք միանգամից մեզ մոտ կազմակերպել, որովհետեւ այստեղ էլ խնդիրը կա»:

Ալավերդիում կան կազմակերպություններ, որոնք առանց աշխատակիցների կարծիքը հարցնելու՝ գանձում են 5% պարտադիր վճարը:

«Վաղվա ակցիային արդեն հստակ կարող ենք ասել, թե որ կազմակերպություններն են գանձել»,- ասաց Մարիանան:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: