Եթե, ինչպես հայտարարեց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, իշխող կոալիցիայի պատգամավորները գազի հարցով հանձնաժողով ստեղծեն, «Ժառանգությունը» կմիանա դրա աշխատանքին: Բայց դա տեղի կունենա այն դեպքում եթե նախաձեռնությունը նման լինի ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների նախաձեռնությանը: Այս մասին խորհրդարանում փետրվարի 7-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարեց  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ այն, որ ՀՀԿ-ն մտադիր է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու օրինագիծ նախաձեռնել, ընդամենը իշխող կոալիցիայի քմահաճույքն է:

 «Եթե նրանց այդքան հետաքրքրում էին գազային համաձայնագրի հարցով հանրության մտահոգությունները, ապա ինչու նրանք չսատարեցին մեր նախաձեռնությանը: Նախքան նրանց նախաձեռնությանը միանալը եւ հանձնաժողովի աշխատանքին մասնակցելը, մենք պետք է տեսնենք օրինագիծը, եւ եթե այն արտահայտի այն էությունը, որի մասին խոսում էինք մենք, ապա կմիանանք», - բացատրել է Հակոբյանը:

Ամփոփելով խորհրդարանի հերթական քառօրյայի աշխատանքը, խմբակցության ղեկավարն ասաց, որ, ցավոք, ընդդիմադիր պատգամավորները եւ հասարակությունը չստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը ձախողել է 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների՝ հայ-ռուսական գազային համաձայնագրերի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու փորձը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am