Երեւանում, փետրվարի 10-ին` ժամը 11.00-ին, տեղի կունենան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի լրամշակված նախագծի հասարակական լսումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդը»-ը 2013թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացրեց պոչամբարի կառուցման նախագիծ, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին:
Այս լրամշակված նախագծում նորությունն այն է, որ առաջարկվում է պոչամբարի կառուցման ժամանակ կավի փոխարեն օգտագործել գեոթաղանթ: «Որպես այլ տարբերակ նախատեսվում է կավի շերտը փոխարինել գեոթաղանթով:
Գեոթաղանթ (գեոմեմբրանա) - բազմաֆունկցիոնալ գլանափաթեթային պոլիմերային թերթեր են 1.0-2.5 մմ հաստությամբ, պատրաստված բարձր (HDPE) եւ/կամ ցածր (LDPE) խտություն ունեցող պոլիէթիլենից: … Գեոթաղանթները ունեն հետեւյալ հատկությունները.
- բարձր հակակորոզիոն եւ ջրամեկուսիչ ցուցանիշներ
- ճկունություն,
- չկծկվող են,
- ճաքակայունություն,
- ջերմադիմացկուն են, (-70 +1100 C),
- կայուն է շատ տեսակի քիմիական ռեագենտների հանդեպ(կայուն է PH0.5-14)
- կենսակայուն է,
- հարաբերական երկարացումը մինչեւ 700%,
- ձգման բարձր ամրություն մինչեւ 26.2 ՄՊա,
- սեյսմակայունություն,
- կայուն են պատռվածքների, արմատների ներաճման, կծկման, քայքայման եւ ճաքճքման հանդեպ,
- դիմանում են արտաքին ջեմաստիճանի մեծ տատանումներին,
- էկոլոգիապես անվտանգ են,
- երկարադիմացկուն են (ծառայման ժամկետը ավելի քան 100 տարի)»,- մասնավորապես նշված է նախագծում:
Աղբյուրի համաձայն` պոչամբարի տակ հատկացվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմելու է 6-7 հա, պոչամբարի մակերեսը` 1.53 հա, ծավալը` 370 հազար խմ, պոչատարի ընդհանուր երկարությունը` 1607մ: Պոչամբարը կառուցվելու է նույն 9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի արեւելյան մասում` 800մ հեռավորության վրա, իսկ ֆաբրիկայից մոտ 1600մ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ 2013թ. հասարակայնության վրդովմունքն էր առաջացրել այն փաստը, որ ընկերությունը, առանց ռեկուլտիվացնելու իր կողմից շահագործված նախորդ երկու պոչամբարները, մտադիր է նորը կառուցել: Նշենք, որ Մելիք գյուղի բնակիչները բազմիցս ահազանգել են այդ պոչամբարներիի պատճառած վնասների մասին:
Ի դեպ, հնարավոր է, որ այս պոչամբարով էլ «Մեգո Գոլդ»-ը չսահմանափակվի: 2013թ. նոյեմբերի 27-ին Մելիք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում «ՄեգոԳոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը հայտարարեց, որ արտադրության եւ արդյունահանման ծավալների ընդլայնման ծրագրեր կան, որ կարող է նոր պոչամբարների կառուցման հարց առաջանալ: Այս հայտարարությունից հետո բնապահպանական կազմակերպությունները հանդես եկան ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հանրությունյանին ուղղված դիմումով, որում մասնավորապես ասված էր. ««Մեգո Գոլդ»-ի նախատեսող գործողություններից բխող ռիսկերի ճիշտ գնահատման համար անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ընկերությունը ներկայացնի իր ողջ գործունեության համալիր ծրագիրը, որի անբաժանելի մասը կլինի նաեւ նոր պոչամբարների կառուցումը: Համալիր ծրագրի ՇՄԱԳ-ը պետք է համապատասխանի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ծրագրում պետք է ներկայացված լինեն շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ, մարդկանց առողջությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումների ծրագրեր, սոցիալական ծրագրեր»: Ինչպես երեւում է, ընկերությունը ոչ մի համալիր ծրագիր էլ չի պատրաստվում ներկայացնել, այլ ներկայացնում է միայն նոր պոչամբարի կառուցման նախագծի լրամշակված տարբերակը, որտեղ նույնիսկ փոփոխության չի ենթարկել պոչանքների պինդ մասի բաղադրության կազմը, որոնք, ըստ նախագծի, հետեւյալն են` SiO2 – 46,23%; AL2O3 – 10,81%; MgO – 5,17% ; TiO2 – 0,82 %; CaO – 6,41%; MnO – 0,15%; Fe2O3 – 6,4%; FeO -3,62%; ՇԿ-12,71%: Մինչդեռ Շ. Խաչատրյանի «Թուխմանուկի (Արագածոտնի մարզ) ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատկությունները» գիտական հոդվածի համաձայն (Երեւանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր 3, 2010). «…պղինձ, ցինկ, կապար, մկնդեղ, վիսմուտ, սելեն, թելուր, կադմիում եւ այլն լցվում են թափոնակույտ եւ պոչամբար»:




























