Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող որոշ հարցեր, որոնք բարձրացվել էին փոխվարչապետի մարզային այցելությունների ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Արամայիս Գրիգորյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման նախարարությունների, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյաներ:
Արարատի եւ Արմավիրի մարզերում բարձրացվել էր մշակաբույսերի հիվանդությունների` հատկապես «կարտոֆիլի եւ լոլիկի ցեց» կոչվող վնասատուի եւ խաղողի վազի «ֆիլոքսերիա» հիվանդության տարածման եւ դրանց դեմ պայքարի խնդիրը:
Փոխվարչապետը Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին առաջարկեց նշված հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ մշակել: Նա կարեւորեց բոլոր շահագրգիռ կառույցների` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ԳԱՄԿ-երի, մարզպետարանների եւ համայնքների կողմից համակարգված աշխատանքների կատարումը: Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց նաեւ հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկման լայնածավալ աշխատանքների իրականացումը: Առաջնահերթ համարվեց «Ֆերոմոնային թակարդների» ձեռքբերումը, որը հնարավորություն է տալիս արձանագրել վնասատուների դեմ պայքարի ճշգրիտ ժամկետները: Կարեւորվեց դրանց տեղակայումը հիվանդությունների առավել մեծ տարածվածություն ունեցող հատվածներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան հաշվարկները կներկայացնի կառավարություն: Փոխվարչապետը նաեւ հորդորեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել թունաքիմիկատների եւ դեղամիջոցների որակին, որի վերաբերյալ նույնպես մարզերում դժգոհություններ կան:




























