Հանրապետության ողջ տարածքում ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 1000 անասնաբույժ` ներկայիս 635-ի փոխարեն: Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական ոլորտին վերաբերող որոշ հարցեր:
Տեղեկացվել է, որ արդեն մշակվել եւ կառավարության քննարկմանն է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որը կանոնակարգում է անասնաբույժների գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը: Մասնավորապես առաջարկվում է, որ վերջիններս լինեն Գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցի հաստիքային աշխատողներ եւ ապահովեն օրենքով սահմանված բոլոր պարտադիր ծառայությունների մատուցումը: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարեւորվում է անհրաժեշտ թվով անասնաբույժների առկայությունը, ինչպես նաեւ վարձատրության բավարար մակարդակի ապահովումը:
Օրենսդրական համապատասխան փոփոխությունների, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում կադրերի նպատակային պատրաստման դեպքում հնարավոր կլինի բոլոր համայնքներում որակյալ անասնաբուժական ծառությունների մատուցում ապահովել:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը նշեց, որ կառավարությանն է ներկայացվել «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման եւ գրանցման ծրագիրը», որով հիմնական աշխատանքը վերապահվում է անասնաբուժական համակարգին, առանց որի անհնար կլինի ծրագրի իրագործումը:




























