Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ մարզերում մասնագիտացված անասնագերեզմանոցների ստեղծման հնարավորությունները:
Գյուղնախարարության պատասխանատուներին առաջարկվել է ներկայացնել անասնագերեզմանոցներին ներկայացվող չափանիշներն ու տեղաբաշխման սխեմաները` ըստ մարզերի: Նշվել է, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ եւս հարցը կքննարկվի:
Խորհրդակցության ընթացքում քննարկված մյուս հարցը վերաբերում էր համայնքներում գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի մշակման խնդիրներին: Մարզերում որպես հողերի չօգտագործման հիմնական պատճառներ նշվում են հողատարածքների մասնատվածությունը, վատ որակը եւ մի շարք այլ հանգամանքներ: Առաջնահերթ համարվեց շրջանառության մեջ դնել այն հողատարածքները, որոնք գտնվում են ոռոգելի գոտիներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգույքագրի նման հողատարածքները, կվերլուծի չմշակման պատճառները եւ առաջարկություններ կներկայացնի դրանց հետագա օգտագործման վերաբերյալ:
Փոխվարչապետը Գյուղատնտեսության եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին առաջարկեց հաշվի առնել բոլոր հանգամանքները եւ համապատասխան լուծումներ ու մեխանիզմներ առաջարկել, այդ թվում` օրենսդրական, որոնց կիրառումը թույլ կտա նվազեցնել չօգտագործվող հողերի ծավալը:




























