Գազի կալորիականությունը չափելու նպատակով ֆիզիկոսներից, քիմիկոսներից և հարակից ոլորտների ինժեներներից կազմված նախաձեռնող խումբ է ստեղծվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆիզիկոս, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը:
«Բոլորը բողոքում են գազի կալորիականությունից, նույնիսկ ԱԺ-ում են պատմում, որ առաջ սուրճը ավելի արագ էր եփվում: Ակնհայտ է, որ գազի որակը վատն է, բայց ոչ մեկին դա չի հաջողվել ապացուցել»,-ասաց Դանիել Իոանիսյանը:
Նրա խոսքով` բոլոր լաբորատորիաները, որոնք գազի կալիորականոթյան վերաբերյալ ստուգումներ են անցկացնում «ՀայՌուսգազարդին» պատկանող, կամ նրանից կախում ոունեցող լաբորատորիաներ են:
«Այդ պատճառով մենք խնդիր ենք դրել մեր առջև՝ ստուգել գազի որակը և ճշգրիտ պատասխան տալ հանրությանը»,-ասաց ֆիզիկոսը:
Գազի կալիորականությունը ցածր լինելու դեպքում խմբի անդամները պատրաստվում են «ՀայՌուսգազարդին» պատասխանատվության կանչել. «Եթե պարզվի, որ գազի կալորիականությունը ցածր է, և մեզ օդ են վաճառում են, ապա նրանք պիտի պատասխան տան»:
Դանիել Իոանիսյանն ավելացրեց, որ առայժմ խումբը մշակում է գազի ստուգման մեթոդը:
«Որոշ ինստիտուտների հետ համագործակցում ենք, և խոստացել են սարքերի հարցում օգնել»,- ասաց նա` ավելացնելով, որ նախատեսում են տարբեր ժամերի չափումներ անել Երևան քաղաքի մի քանի տարբեր վայրերում:




























