Ծաղկաձորում, այսօր՝ փետրվարի 7-ին տեղի է ունեցել համաժողով, որը նվիրված է եղել Հայաստանում կապիտալի շուկաների զարգացմանը: Համաժողովը կազմակերպված էր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱՍ Արմենիայի կողմից, ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ: Ավելի քան 100 մասնակից մասնավոր ընկերություններից, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներ եւ այլ շահագրգիռ կողմեր մասնակցել էին միջոցառմանը՝ քննարկելու Հայաստանում կապիտալի կայուն շուկաների զարգացման հետ կապված մարտահրավերներն ու հնարավորությունները:
Միջոցառման մասնակիցները քննարկել են համաշխարհային եւ ներքին համատեքստը՝ հաշվի առնելով շուկայի հեռանկարները, եւ թե ինչպես ՎԶԵԲ-ը եւ այլ դոնորներ կարող են օժանդակել Հայաստանում կապիտալի շուկաների զարգացմանը:
Համաժողովը բացել են Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ ՎԶԵԲ-ի՝ Տեղական արժույթի եւ կապիտալի շուկաների զարգացման գծով տնօրեն Անդրե Կուուսվեկը:
«ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում եւ տեղական արժույթի եւ կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակից: Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը եւ բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները եւ նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը: Ներդրողները կշահեն ավելի աշխույժ շուկայի պայմաններում՝ ունենալով ներդրումներ կատարելու եւ հեջինգի համար ֆինանսային գործիքների լայն տեսականի, իսկ թողարկողները կունենան գործիքների ավելի լայն ընտրություն՝ ֆինանսավորելու իրենց ներդրումային կարիքները», - ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսն ու ավելացրել. «Հայկական շուկաները բաց են միջազգային ներդրումային հանրության համար, միեւնույն ժամանակ օգնելով համապատասխանեցնել հաշվեկշիռների արժութային եւ ժամկետային կառուցվածքները ներդրողների եւ դրամային արժույթով վարկառուների համար»:
Հայաստանն ունի լավ համակարգված պարտադիր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կապիտալի կայուն շուկաներին եւ կշահի դրանցից: Համաժողովի ակնկալվող արդյունքներից մեկը կլինի մասնավոր հատվածի նեկայացուցիչների, կարգավորողների եւ կառավարության միջեւ պետական-մասնավոր քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծումը՝ ճանապարհ հարթելու արդիականացված եւ կայուն ենթակառուցվածքի համար, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար:
«Վերջին զարգացումների եւ Հայաստանում ավելի արդյունավետ, թափանցիկ եւ գրավիչ կապիտալի շուկաներ զարգացնելու շուկայի բոլոր մասնակիցների ջանքերի հետ մեկտեղ մենք նկատում ենք աճող հետաքրքրություն միջազգային ֆինանսական հանրության կողմից», - ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: «Այս համաժողովը մեր շուկայի գրավչության լրացուցիչ ապացույց է: Մենք կձգտենք զարգացնել այն հետագայում եւ ստեղծել այնպիսի շուկա, որը կխթանի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները»:
«Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք ապահովել միջազգային ֆինանսական կառույցների՝ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա: Տեղի ունեցավ այդ երկու կազմակերպությունների կողմից հայկական դրամով պարտատոմսերի առաջին տեղաբաշխումները, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մենք հավատացած ենք, որ նման տեղաբաշխումները կրելու են շարունակական բնույթ: Դրանք ստեղծում են որակյալ ներդրումային գործիքներ, բարենպաստ ներդրումային միջավայր, որոնք անհրաժեշտ են հատկապես կենսաթոշակային ֆոնդերի արդյունավետ կառավարման համար: Մյուս կողմից, դրանք ճանապարհ են հարթում ընկերությունների համար, որոնք կապիտալի շուկան կսկսեն դիտարկել որպես ներդրումների ներգրավման այլընտրանքային աղբյուր», - իր բացման խոսքում նշել է ՀՀ Կենտրոնական Բանկի Նախագահ՝ Արթուր Ջավադյանը:


























