Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական եւ ջրամատակարարման: Զեկուցվել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում ընթացիկ տարում Դիլիջանի բնակչության 80 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:

Այնուհետեւ վարչապետն այցելել է Գոշավանք վանական համալիր՝ ծանոթացել Սուրբ Աստվածածին եկեղեցու, գավթի ծածկերի ու Մխիթար Գոշի դամբարանի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ գավթի ծածկերի վերականգնման նախագծով փոխվում են հին քայքայված ծածկասալերը, հեռացվում տանիքի լիցքի եւ քարերի մեջ աճած բուսածածկույթը: Մխիթար Գոշի դամբարանը մինչ վերականգնողական աշխատանքների իրականացումը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Վերականգնողական աշխատանքների արդյունքում հիմնովին քանդվել, վերամշակվել եւ ամրացվել են դամբարանի հիմքերը:

 Գոշավանք վանական համալիրի վերականգնման նպատակով կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 16, իսկ այս տարի՝ 15 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերականգնողական աշխատանքները գնահատվում են 280 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարությանը՝  ուշադրության կենտրոնում պահել վանական համալիրի վերակագնողական աշխատանքների ընթացքը, որպեսզի համալիրի պատմամշակութային տեսքից շեղումներ թույլ չտրվեն:  

Կառավարության ղեկավարը եղել է նաեւ Հաղարծնի վանական համալիրում՝  ծանոթացել այնտեղ կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ:

Հաղարծնի վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի ։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Հաղարծնի համալիրի երկու եկեղեցիները արդեն հաշվառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային արժեքների շարքում։