Կապանում գործող տարբեր կազմակերպություններում կանցկացվի «Դեմ եմ» նախաձեռնության խոհրդանշան հանդիսացող «Ձեռքը ներքև պարզած» ակցիա, որի շրջանակում այդ կազմակերոպությունների աշխատակիցները կլուսանկարվեն բութ մատը ներքեւ պարզած՝ «ոչ» ասելով պարտադիր կուտակային կենսաթոշակին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի նախաձեռնող՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը:

«Նկարահանումը կանցկացնենք երկուշաբթի և կտարածենք համացանցով»,-ասաց Արմեն Փարսադանյանը:

Անդրադառնալով «Դեմ եմ» շարժման փետրվարի 6-ին կազմակերպած ակցիային` Փարսադանյանը նշեց, որ Կապանից երթին մասնակցելու Երեւան ոչ ոք չի եկել, բայց մայրաքաղաքում գտնվող կապանցի երիտասարդները մասնակցել են երթին:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը նախօրեին պատասխանել է ՀՀ ԱԺ-ին և վարչապետին ուղղված՝ Կապանի 10 ՀԿ-ների նամակի պատասխանը, որում բացատրել են, որ հաշվի առնելով անկախության շրջանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական իրողությունները՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելն անհրաժեշտություն է:

«Ձեւավորվում է մի իրավիճակ, երբ բնակչության ընդհանուր թվի մեջ կենսաթոշակ ստացողների թիվը մեծանում է, իսկ աշխատանքային տարիքի անձանց թիվը նվազում է, այսինքն տեղի է ունենում բնակչության ծերացում»,- գրված է պատասխան նամակի մեջ: