Հայաստանում տնտեսական առաջընթաց կարելի է ապահովել միայն Մաքսային միությունում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ են մոտ 120 մլրդ դոլարի ներդրումներ, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր տնտեսությունը: «Ընդ որում, այդ ներդրումները պետք է լինեն ոչ թե փոքր ու միջին բիզնեսում, այլ մեզ պետք են մոտ 10 խոշոր ձեռնարկություններ: Դրանց շուրջը արդեն կձեւավորվի փոքր ու միջին բիզնեսը»,-ասել է Ադիբեկյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի պես երկրում իշխանությունները պետք է առավել ակտիվ գործունեություն իրականացնեն տնտեսական շրջանակներում, քանի որ հենց պետությունն է ունակ մեծ ներդրումային գումարներ կուտակել:

«Կառավարությունը պետք է վերանայի իր տնտեսական դերը եւ առավել ակտիվ լինել տնտեսության մեջ: Մենք պետք է կարողանանք պետության երաշխավորության օգնությամբ օտարերկրյա կապիտալ ներգրավել: Բայց քանի որ կառավարությունը մնում է իր նախկին դիրքերում, մենք չենք կարող առաջընթաց ակնկալել, կամ եթե լինի առաջընթաց, դա պետք է լինի ռուսական կողմի ազդեցության ներքո»,-հայտարարել է սոցիոլոգը՝ ընդգծելով, որ վերջին 22 տարում Հայաստանում մոտ 18 մլրդ դոլարի ներդրումներից 7,5 մլրդ-ը ռուսական ներդրումներն են: