82 համարի երթուղին սպասարկող ընկերությունը ներկրել է  Hundai մակնիշի ընդամենը 12 ավտոբուս, որոնք փոխարինելու են այս պահին գործող 46 միկրոավտբուսներին: Այս մասին NEWS.am-ին ասաց 82 համարի վարորդներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:

«ԳԱԶԵԼ»-ները դեռ հունվարի 1-ից պետք է փոխվեին, բայց ուշացան ավտոբուսները: Հիմա 12 ավտոբուս են բերել, բայց մեր մարշուտկաները 46-ն են»,- ասաց վարորդը՝ նշելով, որ դժվար թե այս ավտոբուսները բավականացնեն:

82 համարի երթուղայինը սպասարկում է Նոր Նորքի եւ Շենգավիթ համայնքների բնակիչներին, անցնում է Երեւանի պետական եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանների մոտով: Այս երթուղայինից մեծ մասամբ օգտվում են հենց այդ հաստատությունների ուսանողները:

«Եթե մինչեւ հիմա աշխատում էինք 4-5 րոպե հաճախականությամբ, բայց էլի առավոտյան ժամերին ծանրաբեռնված էր, հիմա աշխատելու ենք 11-13 րոպե հաճախականությամբ, ինչը նշանակում ա, որ մարդիկ ուզած-չուզած երկար սպասելու են կանգառում»,- ասաց վարորդը՝ նշելով, որ ավելի քան 30 վարորդ էլ կմնա առանց աշխատանքի:

Նշենք, որ ըստ տարածված լուրերի՝ այս երթուղին պատկանում է գործարար, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն այնուամենայնիվ չեն համապատասխանում ոչ մի չափանիշի: Ուղեւորները NEWS.am-ին ասացին, որ «դրանք կեղտոտ են, աթոռները կիսաջարդած, իսկ դռներից ու պատուհաններից քամի է փչում»: Նրանք նշեցին, որ բոլորովին գոհ չեն լինի, եթե 82 համար երկթուղայինին փոխարինող ավտոբուսները աշխատեն 11-13 րոպե հաճախականությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր. «82 եւ 89 ավտոբուսների ավտոբուսներն արդեն սահմանին են հասել, մաքսազերծման գործընթացի մեջ են: Ամենայն հավանականությամբ, միկրոավտոբուսներն ավտոբուսներով կփոխարինվեն փետրվարի կեսերին: Թերևս, այս տեսակի համալրումներով էլ կփորձեն արդարացնել ուղեվարձի թանկացումը»: