Գազայի հատվածում հնագիտական սենսացիոն գտածո է հայտնաբերվել՝ հին հունական աստված Ապոլոնի արձանը, որը, ըստ մասնագետների 2000 տարվա է:
Ամենաուշագրավն այն է, որ գտնողները հնագետ-պատմաբաններ չեն, այլ պաղեստինցի հասարակ ձկնորս Ջուդա Գրաբը: Նա Ապոլոնի 500 կգ- անոց բրոնզաձույլ արձանը գտել է 2013թ. օգոստոսին՝ Եգիպտոսին սահմանակից ջրերում, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Ճարպիկ պաղեստինցին հասցրել է սղոցել արձանի մատը՝ արժեքը պարզելու համար: Այնուհետեւ Գրաբն արձանը Ebay-ով աճուրդի է դրել՝ այն գնահատելով 500 հազար դոլար:
Սակայն ձկնորսին հարստանալ չի հաջողվել: Արձանի մասին իմացել է ՀԱՄԱՍ-ը, որն այժմ ղեկավարում է Գազայի հատվածը: Տեղի ոստիկանությունն առգրավել է Ապոլոնին եւ Գրաբի դեմ քրեական գործ է հարուցել պատմական արժեքի վաճառքի եւ ոչնչացման փորձի համար:
Արձանի գտնվելու վայրն այժմ անհայտ է: Մասնագետների ձեռքում միայն դրա լուսանկարն է հայտնվել, նրանց գնահատմամբ՝ արձանն առնվազն 2000 տարվա պատմություն ունի: Այլ տվյալներով՝ այն կարող էր ձուլվել մ.թ.ա. V-I դարերում:
Քանի որ արձանը բրոնզաձույլ է, ամենայն հավանականությամբ այն տաճարի կամ պալատի մաս է կազմել:


























