Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների եւ գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթեւոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:
«Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթեւոսյանի հիշատակը, որովհետեւ չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի, ով ծանոթ չէ այն հարուստ ժառանգությանը, որը մեզ թողել է Հրանտ Մաթեւոսյանը: Դաստիարակել հայրենասեր քաղաքացի՝ նշանակում է նրան հասանելի դարձնել Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունները: Մի բան է, երբ շփվում էինք նրա հետ, լսում` նրա հայրական խորհուրդները, իմաստուն խոսքերը, մեկ այլ բան, երբ փորձում ենք ժամանակի քննությունը բռնած մարդու դերը տեսնել հայ ժողովրդի գրականության պատմության մեջ: Որքան անցնում են տարիները, այնքան ավելի լավ ենք տեսնում Հրանտ Մաթեւոսյանի մեծությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել Մաթեւոսյանի 80-ամյակը, որը կլրանա հաջորդ տարի: Շարունակվում են աշխատանքները նաեւ մեծանուն գրողի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ, որտեղ էլ կպահպանվի Մաթեւոսյանի հարուստ ժառանգությունը:



























