Մեծ Բրիտանիայի Սոութհեմթոն քաղաքում 19-ամյա Ռայան Վոկերը երկու դեռահաս աղջիկների մարմնական լուրջ վնասվածքներ է հասցրել իրեն Հարի Փոթեր անվանելու համար։

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Ռայանը ակնոց է կրում և ունի կարճ մուգ մազեր` ինչպես  ֆիլմի դերասան Դենիել Ռեդկլիֆը:

Դեպքի օրը Ռայանը գնացել է խանութ, իսկ երբ վերադարձել է տուն, 15-ամյա Էմմա Կիբելը և 16-ամյա Լիա Փիրսը եղել են շենքի աստիճաններին նստած:

Աղջիկներից մեկը բռնել է Ռայանի ձեռքի տոպրակից և նրան ասել, որ նա նման է Հարի Փոթերին: Ռայանը մտել է տուն, տնից ջրով լցված շիշ վերցրել և նետել աղջիկների վրա:

Հետո վերադարձել է խոհանոց, դանակ վերցրել, դուրս եկել տնից, գնացել այգի` իմանալով, որ աղջիկները կհետևեն իրեն:

Ճանապարհին Ռայանը կորցրել է համբերությունը, Լիայի դեմքին դանակով հարվածներ է հասցրել, իսկ հետո էլ զայրույթը շարունակել է թափել էմմայի վրա: Նա մի քանի անգամ բռունցքով և ոտքով հարվածներ է հասցրել Էմմային, հետո էլ նրա գլուխը հարվածել ցանկապատին:

Ռայանին ձերբակալել են և դատապարտել 4,5 տարվա ազատազրկման: