Իրաքի արեւմուտքի Անբար նահանգում իշխանությունների անցկացրած հակաահաբեկչական գործողության պատճառով ավելի քան 300 հազար մարդ լքել է տունը:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ վերջին 6 շաբաթվա ընթացքում ավելի քան 300 հազար մարդ՝ 50 հազարից ավելի ընտանիք, փախել է Էլ Ֆալուջի եւ Ռամադի:
Նշվում է, որ տները լքած մարդկանց մեծամասնությունը տեղափոխվել է «Անբար նահանգի հեռավոր անկյուններ՝ զինված բախումներից խուսափելու համար», ընդ որում՝ «եւս 60 հազար իրաքցիներ հեռացել են երկրի այլ նահանգներ», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Այսպիսով, Իրաքում տեղափոխվածների թիվը հասել է 1,5 միլիոն մարդու: Մինչ գրոհայինների եւ անվտանգության ուժերի միջեւ մարտերն սկսվելը, Անբարում այդ թիվը կազմում էր 1,1 միլիոն: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ անցյալ ամիս իրենց տները լքածների քանակն ամենամեծն էր՝ 2006-2008 թթ. կրոնական բախումների ժամանակներից ի վեր:
Հիշեցնենք, որ Անբար նահանգում հակաահաբեկչական գործողությունն սկսվել էր դեկտեմբերի 21-ին: Կառավարական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել նահանգի բնակավայրերի մեծ մասը, սակայն ահաբեկիչները նախկինի պես ակտիվ գրոհային գործողություններ են ծավալում խոշոր քաղաքներում՝ Ռամադիում եւ Էլ Ֆալուջիում: Ըստ վերջին տվյալների՝ հունվարի սկզբից Իրաքում բռնության զոհ է դարձել 850 մարդ:




























