Հաղորդավար Համլետ Ղուշչյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ Համլետ Ղուշչյանը ընդունվել է 1,5 ժամ առաջ: «Նրա մոտ խրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա՝ շաքարային դիաբետ, շողացող առիթմիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում կա: Դեռ հստակ ոչինչ չենք կարող ասել, ժամանակ է պետք լրացուցիչ հետազոտության համար, առայժմ նա կգտնվի մեր հսկողության տակ»,- ասաց Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ Համլետ Ղուշչյանի գիտակցությունը տեղն է, նա խոսում է, կոնտակտի մեջ է, բայց գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, քանի որ ուղեղի արյան շրջանառության դեպքերը իրենց մոտ են լինում:
«Նման դեպքերում 24-48 ժամ է պետք, որպեսզի պարզ լինի, թե ինչ պետք է անենք եւ ինչքան կմնա, հիվանդությունը առայժմ զարգացման փուլի մեջ է»,- ասաց բաժանմունքի ղեկավարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հիվանդանոց է տեղափոխվել հաղորդավար Համլետ Ղուշչյանը: Վերջինս երեկ մեկնել էր Ջերմուկ հանգստանալու, սակայն ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց: Քիչ առաջ Ղուշչյանին տեղափոխել են արդեն Երեւան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն:




























