Մարտի 1-ի ակցիան իրազեկող թռուցիկներ բաժանելիս փետրվարի 12-ին, ժամը 18։00-ի մոտակայքում, Սարյան փողոցից բերման է ենթարկվել 10 մարդ։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ համակիր Տիգրան Առաքելյանը:

«Բերման են ենթարկել Անի Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին, Դավիթ Վարդանյանին, Տաթեւիկ Պողպատյանին, Մարիամ Մուրադյանին, եւ եւս հինգ հոգու»,- տեղեկացրեց Տիգրան Առաքելյանը:

Նրա խոսքով՝ երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ժամը 02:20-ի սահմաններում, Հայ ազգային կոնգրեսի 10 ակտիվիստներին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Նրանց ոստիկանությունում պահել էին 3 ժամ, որից հետո վարչական տուգանքի էին ենթարկել եւ ազատ արձակել։