Սուրբ Սարգսի տոնի առթիվ քահանաներն ու թատերական խումբն այցելել են սիրիահայերին, Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալ, ռազմաօդային ինստիտուտ:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ փետրվարի 11-ին, Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը եւ «Ռոտոնդա» թատերախումբն այցելել է Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալ: Տեր հայրը հանդիպել է հոսպիտալում բուժվող զինվորներին, բժշկության աղոթք կարդացել ու մաղթել շուտափույթ ապաքինում: «Դուք պարտավոր եք շուտ ապաքինվել, քանի որ վստահ եմ, որ ձեր մայրերը, քույրերը ձեզ համար անդադար աղոթում են: Հայրենիքը բառերով չեն սիրում, հայրենիքը սկսվում է ձեր տանից, ձեր ծնողներից ու ձեր գյուղից, քաղաքից: Ես գիտեմ, որ յուրաքանչյուրիդ մեջ մի Վարդան Մամիկոնյան, մի Արմեն Հովհաննիսյան ու Նժդեհ է ապրում: Պինդ կացեք»,- ասել է տեր Մխիթարը:

Ս. Սարգսին նվիրված` թատերական ներկայացման ավարտին  զինվորներից մի քանիսը որոշել են հյուրերի համար երգել ռազմահայրենասիրական երգեր:

Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանն  էլ այցելել է Թումանյանի թանգարան, որտեղ հավաքվել էին սիրիահայերը:

Իսկ փետրվարի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ «Ռոտոնդա» թատերախումբն այցելել է Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոց եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական քոլեջ: Տեր հայրը  երիտասարդներին ներկայացրել է տոնի պատմությունը, խորհուրդը: Այստեղ էլ տեր հոր խոսքը լրացրեց «Ռոտոնդա»-ն` Ս. Սարգսի նահատակության մասին բեմականացմամբ եւ տոնի ու Հայ Եկեղեցու մասին փոքրիկ վիկտորինայով: Հարցերին ճիշտ պատասխանած պատանիներն արժանացել են մրցանակների: 

Հիշեցնենք, որ այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս սրբի տոնը նշվելու է փետրվարի 15-ին:

Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ  երկրորդ անգամ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները: Մատենադարանից էլ երկրպագության կբերվի 1693թ. Ս. Սարգիս եկեղեցում Ավետիս երեցի կողմից արտագրված Ս. Ավետարանը:

Ս. Պատարագի ընթացքում հավատավորները կկարողանան հաղորդ լինել սրբի մասունքներին եւ հայցել սրբի բարեխոսությունը: Իսկ Ս. Պատարագի ավարտին կկարողանան համբուրել Ս. Ավետարանը:

Նույն օրը` ժամը 14:30-ին, բազմաթիվ երիտասարդներ ոչ միայն Երեւանից, այլ նաեւ ամբողջ Արարատյան Հայրապետական թեմից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մեսրոպ Մաշտոց ու Բաղրամյան պողոտաներով խաչապտույտ կիրականացնեն դեպի Սիրահարների այգի: Խաչերթին միանալու ցանկություն են հայտնել նաեւ ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողները:

Սիրահարների այգում ավանդական դարձած տոնական համերգին մենահամերգով կներկայանա «Ռեինկարնացիա» խումբը: